Ամեն անգամ, երբ աղմուկ է բարձրանում եկեղեցական կյանքում կատարված որևէ սոսկալի երևույթի վերաբերյալ, մարդկանց մի ստվար զանգված (ինչ-որ առումով արդարացիորեն) բողոքում է, ընդվզում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու դեմ: Քննարկումները տեղի են ունենում տարբեր մակարդակներում, սկսած ցածր հայհոյանքներից, վերջացրած եկեղեցին մութ ուժերի կողմից ղեկավարվելու ծանր մեղադրանքներով: Միամտություն կլինի կարծել, թե ով քահանա է ձեռնադրվում, արդեն սուրբ է և զերծ աշխարհիկ մոլություններից, բայց արդյո՞ք մոլորյալների մերկացումն ունի հստակ պատճառ և ժամանակացույց:
Սկսենք սկզբից: Հնարավո՞ր է արդյոք, որ եկեղեցականները ղեկավարվեն մութ ուժերի կողմից, և արդյո՞ք կան այդպիսի ուժեր: Պարզագույն տրամաբանությունն անգամ ակնհայտ է դարձնում, որ եթե կոշկակարը սկսում է սրտի վիրահատություններ իրականացնել, ապա դրա տակ թաքնված մի բան հաստատ կա, այս դեպքում, եթե Աստծո վարդապետությունից դուրս որևէ մեկը, ով նույնիսկ մարդկային բարոյական նորմերի մեջ չի տեղավորվում, դառնում է հոգևորական, ընդունելով Աստծուն ծառայելու դժվարին ուղին, ապա հստակ է, որ խոսքը շահադիտական գործընթացի մասին է: Իսկ եթե նույն մարդը նաև սկսում է բարձր հոգևոր պաշտոններ ստանալ, հովանավորչությունը ակնհայտ է դառնում: Մութ ուժեր, սատանային ծառայող կազմակերպություններ, սրանք բնավ էլ միստիկ բնույթ չեն կրում, և սատանային պետք չէ պատկերացնել պոզով ու պոչով: Շատերի համար գաղտնիք չէ, որ, որպես էթնոս, հայերիս ոչնչացնելը ոմանց համար օրախնդիր է: Գաղտնիք չէ նաև, որ այդ ուժերը մեր ներսում, պետությունից մինչև եկեղեցի, մշակույթից մինչև կրթություն ներդնում են իրենց կադրերը: Իսկ այդ մարդ-կադրերն ունեն իրենց հստակ հանձնարարությունը և «պահպանման ժամկետը», իհարկե, այդ կադրերը պահպանման ժամկետի մասին հաճախ տեղյակ չեն:
Չի կարելի ասել, թե սրիկաները ինքնահոս տարբերակով, Քաջ Նազարի օրինակով չեն հայտնվում վերը նշված ոլորտներում, բայց ուշադիր զննելու դեպքում պարզ է դառնում, որ այդ ամենի մեջ մի ինչ-որ դիվական օրինաչափություն կա: Ի վերջո, պատահական հայտնվածներն էլ ակամա են գործիք դառնում, օգտագործվում և ապա դեն նետվում:
Վերջերս իսրայելական հեռուստաալիքներից մեկը եթեր էր հեռարձակել տեսանյութ՝ «Անցյալի դևերը» խորագրով (խնդրում եմ՝ ուշադրություն դարձրեք վերնագրին): Տեսանյութում 38-ամյա Հրայր Եզեգելյանը, ով 1990-ականների սկզբին ուսանել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, պատմում է, որ 12 տարեկան հասակում սեռական բռնության է ենթարկվել հոգևորականների կողմից: Պատմում է ամենայն մանրամասնությամբ:
Բնականաբար, հաղորդումը իսրայելական հեռուստաալիքը պետք է ցուցադրեր Սուրբ հարության տոնից մի քանի օր առաջ, որովհետև այդ օրերին հայ ժողովուրդն ավելի մեծ քանակով է խմբվում մայր եկեղեցու շուրջը: Խնդիրը սպասվող մթնոլորտի քայքայումն է: Երիտասարդը, ով բռնաբարվել էր վաղ մանկության շրջանում, հարցազրույցում մի հետաքրքիր կոչով է հանդես գալիս, ասելով՝ հայ հոգևորականներ, բավական է բռնաբարեք հայ երեխաներին: Ի՞նչ է սա։ Ըստ նրա, իրեն բռնաբարել են երեք հոգևորական, և ինքն էլ իր հերթին չի խոսում այն մասին, թե դա համատարած է, և բազում մանուկներ բռնաբարվել են վարժարանում, սակայն երեք հոգու մեղքը դնում է ամբողջ հայ հոգևորականության վրա, ինչ-որ առումով ասելով, թե մեր եկեղեցու բոլոր հոգևորականները մանկապիղծ են: Նույն շրջանում լուր տարածվեց մեկ այլ բարձրաստիճան հոգևորականի մանկապիղծ լինելու մասին, այս անգամ մանկապղծության դեպքը վերագրելով Գևորգյան հոգևոր ճեմարանին, ամիսներ առաջ խոսվեց նույն ճեմարանում միասեռականության աճի մասին:
Ինչո՞ւ են մութ ուժերը մանկապիղծ կամ սրիկա տեսակներին ներդնում մեր եկեղեցու մեջ։ Կարելի է ասել, որ այդ գործընթացն ունի երեք շերտ:
Առաջին. նրանց ներդրումը հենց ներսում փչացնում է մթնոլորտը, տարածվում են տարբեր չարիքներ, երկրորդ. այդ բոլոր հանցագործությունները կոծկվում են, ստեղծելու համար անպատժելիության մթնոլորտ, երրորդ. դրանց հետագա բացահայտումը, ինչն արվում է ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում մարդկանց հեռացնում է ազգային եկեղեցուց: Նույնը արվում է նաև մնացած ոլորտներում, քաղաքականությունից սկսած: Փաստորեն այս մարդիկ և երևույթները ականներ են, որոնք պայթում են տեղադրողներին անհրաժեշտ պահին, իսկ այդ պայթյունի զոհերը նրանք են, ովքեր գայթակղվում են, ովքեր հեռանում են իրենց ազգային արմատից: Ի՞նչ է պահանջվում մեզնից, չզոհվելու համար.
ա) հասկանալ՝ ինչ է եկեղեցին, բ) հասկանալ՝ ինչ է կրոնական դասը, գ) հասկանալ՝ ինչ է հայրենիքը, ինչ է պետությունը, ինչ է իշխանությունը:
Դառնանք սատանային: Եթե նա լիներ պոզով ու պոչով, ո՞ր մի խելառը գործարքի կգնար նրա հետ, կամ եթե մեկը գա և ասի՝ ես եկել եմ ոչնչացնելու ձեր երկիրն ու ազգը, ո՞վ կլսի նրան։ Բնականաբար, սրանք գալիս են ճշմարտության անունից և պայքարում հանուն ճշմարտության ու ազատության։ Միայն հարց է, թե այդ ճշմարտության բացահայտումը հանուն ինչի է արվում:
Պատկերը հետևյալն է. դուք նստած եք ձեր տանը, կարդում կամ լսում եք մեկի մասին, ով բռնաբարվել է եկեղեցում. նա զոհն է: Հասկանալով եկեղեցու անպիտանիությունը և հոգևորականների տմարդի լինելը, դուք հեռանում եք մայր եկեղեցուց, զուգահեռաբար հասկանում եք, որ, ասենք, «Բենամուկի վերջին օրերի վկաներ» եկեղեցու հովիվ Գռնոն նման բան չէր անի, դուք գիտակից մարդն եք, նրանք, ովքեր պատրաստել են այս ամենը, սատանայական ուժերն են, սա առաջին հայացքից: Իրականում զոհը դուք եք, ականը տեղադրված է ձեզ համար: Հետևաբար, այսպիսի երևույթների առնչվելու դեպքում պետք է ավելի շատ հոգ տանել Եկեղեցու ու Հայրենիքի համար, քանի որ հիմքերը երերում են:
Դավիթ ԱՍԱՏՐՅԱՆ